«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Այսօր բոլորիս սիրտը ճզմված է միևնույն ցավի մամլիչով, որի ճիրաններից դուրս պրծնելը հնարավոր է թվում միայն առեղծվածային հրաշքով: Այդ հրաշքին հավատալու և ապավինելու հորդոր հնչեցնողների պակաս չկա այսօր: Եվ եթե անգամ դժվար է իրատեսության և սթափության պարագայում վստահել հորդորողներին, այդուհանդերձ, չպիտի թերագնահատենք վերջին հույսը չկորցնելուն միտված նրանց ջանքը և, առնվազն չհերքելով հրաշքի հավանականությունը, պիտի ականջ դնենք նրանց խոսքին:
Այդպիսի մեկն է իմ այսօրվա զրուցակիցը:
-Տիկին Ալիս, Հայաստանի կապիտուլյացիայի պարտադրագիրը ստորագրելու գիշերվան հաջորդող առավոտյան զանգահարեցիք և ասացիք. «Բարի՛ լույս: Եթե իհարկե, բարի է: Բայց, ոչինչ, լավ է լինելու»: Հիմա է՞լ եք մտածում, թե լավ է լինելու: Եվ ո՞րն է այդ լավը, եթե լինելու է:
-Ինձ էլ, բոլորի պես, շանթահարել էր լուրը, երբ Ձեզ զանգեցի: Հիմա արդեն մի քանի օրերի հեռավորությունից եմ նայում այս ամենին: Մեր այս ժամանակներում օրը թռչում է րոպեի արագությամբ: Իրադարձությունները, մտորումները դրանց շուրջ չեն հասցնում ամբողջանալ, երբ նոր խոսողներ են ի հայտ գալիս կամ հին խոսողները փորձում են նոր բաներ ասել: Որպես հանդուրժող, տոլերանտ բնույթ ունեցող մարդ՝ հարկ եմ համարում բոլորին լսել, նույնիսկ նրանց, որոնք հենց իրենք արդեն հազար անգամ պատռել են իրենց դիմակները (խոսքը կորոնավիրուսային դիմակների մասին չէ, այլ մարդկային դիմակների, որի տակից հայտնվում են, ասենք, աղվեսի, աղվեսիկի, գայլի, գիշանգղի, իշուկի, կապիկի, առնետի դեմքերը): Համաձայն չեմ, թե սա «Հայաստանի կապիտուլյացիայի պարտադրագիր» է, նույնիսկ կասկածելի եմ համարում «Արցախի կապիտուլյացիա» եզրույթը, քանի որ, քաղաքագետ չլինելով, մի բան եմ հասկանում. սրա վրա աշխատելու հնարավորություններ կան, և այսօրվա ու այս ժամի դրությամբ կարծես թե «լռության ուխտ» արած աշխարհի որոշ նյարդաթելեր շարժման նշաններ են ցույց տալիս: Բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, fox-11-ը, որ լռում էին, հիմա իրենք են հետաքրքրված, միմյանցից առաջ անցնելով, իրականությունը մեկնաբանելու, բարձրաձայնելու խնդրով: Եվ կուզեի մի հարցի պատասխանն իմանալ՝ այդ «բարաթում» որտե՞ղ է գրված բնակչության տեղահանության մասին, Հայաստանի պաշտպանական ուժերի հեռացումը մի՞թե տեղահանություն է նշանակում:
-«Ճյուղեր, տերևներ» վեպում մարդկության փրկության բնօրրանի առաքելությունն եք վերապահել հայոց հողին, մեր հայրենիքին: Ինչպե՞ս, այդ հողի ո՞ր կտորի վրա պիտի իրականանա Ձեր մարգարեությունը: (Որ գրողները մարգարեներ են, չեմ էլ կասկածում):
-Կուզեի, իհարկե, որ իմ վեպի ավարտը Ձեր ասած մարգարեությունը լիներ: Բայց քչերին է վիճակվել մարգարե լինել: Այդ եզակիներից են Րաֆֆին, Թումանյանը, աշխարհի մեծ մարդասերները, իսկ ես նրանց առջև խոնարհվողն եմ, որ փորձում է, նախ, հասկանալ նրանց խորունկ իմաստությունները և ապա կյանքի կոչված տեսնել դրանք:
-Դուք և մի շարք մտավորականներ կոչով դիմել էիք աշխարհի բոլոր մարդասերներին՝ քրիստոնեական Հայաստանը դիվապաշտների ճանկերից փրկելու հույսով: Աշխարհը կրկին չապացուցե՞ց այս պատերազմի օրերին, որ մարդասիրությունը կեղծ, գրքային, տեքստային, միջազգային ու չգիտեմ ինչային թղթապանակներում թաղված-մոռացված հասկացություն է:
-Ո՛չ, չապացուցեց: Երբեք էլ մարդասիրությունը թաղված հասկացություն չի եղել ու չի լինի, քանի որ երկրագնդի առանցքը իր տեղում պահողը հենց միայն մարդասիրությունն է: Հիշենք ու երբեք չմոռանանք, թե որ հեռավոր երկրներից եկան ու իրենց ողջ կյանքը նվիրեցին մեր որբուկների փրկությանն ու դաստիարակությանը նվիրած դանիուհիներ Կարեն Եփեն և Մարիա Յակոբսոնը, շվեդուհի Ալմա Յոհանսոնը, ամերիկուհիներ Բերթա Մոռլին և Կլարա Բարթոնը, էստոնուհի Աննա Հեդվիգ Բյուլը, նորվեգուհի Բոդիլ Բյոռնը և ուրիշներ: Այսօր էլ կան մարդիկ, որ, օտարազգի լինելով, պատրաստ են մեր ժողովրդին որևէ կերպ օգտակար լինելու: Լրագրող Սեմյոն Պեգովը նույնիսկ Հայաստանի քաղաքացի դարձավ և առանց երկար-բարակ մտածելու, իր տեսախցիկով կանգնեց մեր տղաների կողքին: «Շողիկ» բարեգործական հաստատության տնօրեն անգլիացի Մայքլ Հարիսոնը, որին ես հայերեն գրել, կարդալ և խոսել եմ սովորեցրել, պատրաստ էր գալու Հայաստան և կամավոր մեկնելու ռազմաճակատ: Պարադոքս է, բայց փաստ՝ տեղեկատվական այսօրվա անսահմանափակության պայմաններում մարդկանց, այդ թվում և աշխարհի մարդասերներին, մեծ ուշացումով են հասնում ոչ միայն մեր, այլև շատ այլ երկրներին պատուհասած լուրերը: Գուցե դրա պատճառներից առաջնայինը աշխարհում մեծ համարում ու տարածում ունեցող լրատվամիջոցների խիստ քաղաքականացված լինելն է, երկրորդն այն է, որ հենց այս պահին մեր մոլորակի տարբեր անկյուններում այնքան շատ ու այնքան մեկը մյուսից դաժան են իրավիճակները, որ մարդիկ, այդ թվում և մարդասերները, չեն հասցնում իրենց հասած տեղեկությունների օվկիանոսում հայացքներն ուղղել ու կենտրոնացնել մի կետի վրա: ՈՒղղակի անհրաժեշտություն է Երկիր մոլորակի՝ էվոլյուցիոն նոր փուլ մտնող հասարակության յուրաքանչյուր անհատի համար գոնե նայել միայն իր շուրջը, վերանայել իր նախասիրությունների ու սկզբունքների դաշտը և այն մաքրել անորոշություններից, բռնություններից, նվաճելու մոլուցքից, խելահեղ մտահղացումներից։ Հիշենք, որ սեպտեմբերի 27-ին հաջորդած օրերին Լոս Անջելեսում CNN-ը միայն մոտ մեկ շաբաթ անց արձագանքեց մեր հայրենակիցների չդադարող ցույցերին: Հիմա մեր ձեռքի տակ է Ձեր հիշատակած կոչի անընդհատ նորացվող, առայժմ չորս լեզվով թարգմանված տեքստը, որով գուցե կարողանանք աշխարհում ունեցած կապերի միջոցով փոքր-ինչ թափանցել խցանված խողովակները և ինչ-որ տեղ հասցնել մեր ձայնը: Ի վերջո, երկրների ղեկավարները կարող են մարդասեր լինել կամ չլինել, բայց երբեք նույնը չի կարելի ասել մոլորակի վրա խաղաղ կյանք ապահովող բազմաթիվ մարդկանց մասին:
-Ինչպե՞ս ենք ապրելու այն բանից հետո, ինչ կատարվեց մեզ հետ: Գոնե ինքներդ Ձեզ համար ունե՞ք այս հարցի պատասխանը:
-Եթե մի բառով ասելու լինեմ, ապա այսպես՝ արժանապատվորեն: Երբ Ձեզ ասում էի՝ ամեն ինչ լավ է լինելու, այդ ես չէի խոսում, այլ իմ մեջ նստած այն հայը, որը հազարամյակների մեջ անհամար պարտություններ, թշվառություն, սով, ի վերջո, Եղեռն է տեսել: Այդ հայը, մինչև պատմության դասագրքերից իմանալը, իր արյան մեջ եղած հիշողությունից գիտեր՝ Բագրատունիների թագավորությունից հետո իրեն շատ սպասել չտվեց հրաշքով Միջերկրականի ժայռուտ ափերին ծլարձակած ու մոտ երեք դարի ընթացքում ծաղկուն երկիր դարձած Կիլիկյան թագավորությունը, Եղեռնից հետո Հայաստան կառուցած լինելը, ավերիչ երկրաշարժից հետո կյանքը շարունակելու, արարելու կամքը… Քանի որ, ինչպես հին հռոմեացիներն են ասել, երբ հրանոթներն են թնդում, մուսաները լռում են, և Դուք հիշատակեցիք իմ «Ճյուղեր, տերևները» և բազմիցս գրականագետի Ձեր կարծիքն եք հայտնել սրա մասին, կարող եմ խոսքը փոխանցել իմ վեպի հերոսուհուն՝ Շուշանին: Նա հենց այն բջջից է, որն անընդհատ խոսում էր իմ արյան մեջ ու հանգիստ չէր տալու մինչև լույս աշխարհ չգար: «Այս դժնդակ օրերին ամեն ինչ գրվում է, պատմվում, խոսվում է, և ես չունեմ Լաստիվերցու կամ ՈՒռհայեցու առաքելությունը… Բայց զգում եմ մի ուրիշ առաքելություն՝ այն օրերին իր գործն սկսած ժանգը… իմ տեղն զգալու, ճշգրտորեն զգալու, ճշգրտորեն իմն արտահայտելու առաքելությունը: Իզուր չէ, որ Տերը ինձ արդեն երկրորդ անգամ դնում է դարակազմիկ երևույթների խառնարանում… Թե ինչու՝ երևի մինչև վերջ չեմ հասկանալու… Երկու, գուցե և ավելի անգամներ, Տերը ինձ լույս աշխարհ է բերել հազարամյակ փոխվելու նախադռանը… Ինչու՞… Մինչև այս պահը մոռացած եմ եղել իմ ով կամ ինչ լինելը… Բայց գրամոլի բնազդով անվերջ մղվում էի դեպի այս տետրն ու գրիչը, անվերջ հետ էի շպրտվում իմ վախի, անհամարձակության, սարսափի ուժգնությունից… Ի՞նչ եմ գրելու, ինչպե՞ս եմ գրելու, որ գրելու պահին չպայթի սիրտս, կաթվածահար չլինի ուղեղս… Հիմա արդեն սրան տալիս եմ փոքրոգություն անունը… Միայն թե չսկսի կրծել այն օրերին իր գործն սկսած ժանգը… Մե՜ծ ուշացումով է գալիս, նման վշվշոցներիս պահին է գալիս գիտակցումը, թե՝ հողեղեն ես, մի թույլ ու խեղճ բջիջն ես մեծ օրգանիզմի, որ մարդկություն է կոչվում… Այս վիթխարի հավաքականությունը ամեն օր, ամեն ժամ տեսնում ես աչքիդ առաջ՝ խեղճացած, դիմազրկված, անդամահատված… Դեկտեմբերի տասին (սա 1989 թիվն էր. հիմա արդեն կարելի է ասել՝ նոյեմբերի 10-ին), սրան հաջորդած օրերին քաջություն էր պետք Երևանի դեմքին նայելու, տեսնելու, չծալվելու համար… Հավաքականություն-ժողովրդի հետ կատարվում էր նույն բանը, ինչ որ նրա դժբախտ բջիջների… Երևանի փողոցներում շարժվող, շտապող, մոլորված, զարհուրած լենինականցին, սպիտակցին, գյուղացին մարդկային զանգվածին մի այնպիսի տեսք էին տվել, ինչպիսին կունենար մինչև վերջին ոսկորը ջախջախված մի մարդ, եթե մի հրաշագործ բժիշկ հաջողած լիներ նրա կյանքը փրկելու համար ոտքի մկանը կպցնել թևին, ծնկի մաշկը երեսին, ուրիշի ականջը նրա կորած ականջի տեղը կարել, մի ուրիշի կապույտ աչքը հարմարեցներ նրա նախկին սև աչքի փոխարեն, քթի խոռոչը բաց թողած լիներ, մինչև մի ուրիշից պոկված հարմար քիթ գտնվի… Իսկ ուղեղը, ուղեղը ժամանակավորապես անջատած լիներ, որպեսզի հեռավոր ձևով, մարդ հիշեցնող զանգվածը հանկարծ չտեսնի իրեն դիմացից՝ «գորշ, կքած խանութների» ցուցափեղկերում… Առաջին երկու օրը այսպես չէր… Առաջին օրն առհասարակ ոչինչ չգիտեինք… Ինչ իմացանք, ինչ զարհուրելի էր թվում, դեռ ոչինչ էր հետո իմանալիքի համեմատ, ինչ դեռ չէր կարող հասնել մեր գիտակցությանը… Մինչև գիտակցությանը հասնելը դեռ ի՜նչ լաբիրինթոսներ կային… Հիմա արցունքներս հոսում են, նշանակում է՝ բուժիչ ցող է իջնում հոգուս, սրտիս վրա… Մի երկու օր առաջ մեզանից ոչ մեկի արցունքը դեռ ցող չէր կարող լինել… եթե հոսեր՝ ցեխ, թույն, արյուն էր բերելու իր հետ… Քանի տեսակ նյութի փոխարկվեցինք այդ օրերի, ժամերի, վայրկյանների ընթացքում… Մեզնից ոչ ոք չի մոռանա աշխարհի բոլոր անկյուններից սլացող ինքնաթիռների հռնդյունը: …Սլանում էին դեպի մեր քարակույտերը, օգնելո՜ւ… Տեր Աստված, պետք չի ձեր օգնությունը… ի սեր Աստծո, մի՛ ոռնացեք, թողե՛ք հանգիստ մեռնենք, թողե՛ք մեզ… Զավեշտ է… Ահա Լաստիվերցին, ՈՒռհայեցին, ժամանակի մեծ գրողները լինելով, ուղեղը պետք է լարեին ոչ թե գույները խտացնելու, այլ դրանք մեղմելու համար, որ տեղ հասներ ասվածը, մարդկային ուղեղը կարողանար ընտելանալ, և ապա՝ ընկալել… Աշխարհը մեզանից շուտ հասկացավ, թե ինչ է կատարվել այս հողում»…
Այս ամենը մենք ապրել ենք ու վերակենդանացել, ծիծաղել ու ուրախացել ենք, կերտել ենք: Հույսս մեծ է, որ կգործի հռոմեացի Ցիցերոնի այն միտքը, թե երբ հրանոթներն են թնդում, լռում են օրենքները։ Թեև արդեն լռել են բոլոր տեսակի ամենահուժկու զենքերը, որ այս օրերին փորձարկվեցին մեր Արցախի գլխին, վստահ եմ՝ Աստծո օգնությամբ դեռ կարելի կլինի լռեցնել կամ շրջանցել օրենքներն ու «բարաթները»: Հասնել մեր լիակատար հաղթանակին։ Մանավանդ որ մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ